Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ:
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, շնորհակալություն հայտնեց հյուրերին Հայաստան այցի համար՝ նշելով, որ ամեն ինչ պետք է անել՝ էլ ավելի զարգացնելու երկու երկրների միջխորհրդարանական ու միջպետական կապերը:
Ֆրանսիա-Հայաստան բարկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեն եւս պատրաստակամություն հայտնեց՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները: Ռուքեի խոսքով՝ այս տարին կարեւոր էր Հայաստանի համար, քանի որ նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ռընե Ռուքեն հույս հայտնեց, որ Թուրքիան, այնուամենայնիվ, հաշվի կնստի կատարված իրողության հետ՝ ճանաչելով ցեղասպանությունը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ պատգամավորները շեշտեցին, որ այն չպետք է խոչընդոտի Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացներին:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվեց բարեկամական խմբերի համագործակցությունը զարգացնելու, փոխայցերը ակտիվացնելու եւ համատեղ քննարկումներ անցկացնելու խնդիրը: